ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայ ուսանողներն ամենաբարձր տեղերն են գրավել ճարտարապետության և դիզայնի ոլորտների դիպլոմային աշխատանքների միջազգային մրցույթում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունը։
Երիտասարդ հայ ճարտարապետները և դիզայներները մրցանակային ամենաբարձր տեղերն են գրավել ՌԴ Կազան քաղաքում անցկացված Ճարտարապետության և դիզայնի ոլորտներում դիպլոմային աշխատանքների միջազգային ստուգատես-մրցույթում:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կազմակերպվել է պարգևատրման արարողություն: Ուսանողներն ու նրանց ղեկավարները, բացի մրցութային դիպլոմներից, պարգևատրվել են նաև Քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագրով:
«Քաղաքաշինության կոմիտեի և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Ղուլարյանը շնորհավորել է ուսանողներին, դասախոսներին, ինչպես նաև համալսարանի ղեկավար կազմին և երիտասարդ մասնագետներին հաջողություն մաղթել աշխատանքային գործունեության ընթացքում։ Ղուլարյանը համոզմունք է հայտնել, որ նրանք իրենց ունակությունները և ձեռք բերած գիտելիքները կկիրառեն Հայաստանի բնակավայրերի կառուցապատման պատասխանատու գործում՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը»,– ասված է հաղորդագրությունում:
Կազանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի կազմակերպած մրցույթին մասնակցել է ճարտարապետական 58 բուհ, որոնցից 5-ը՝ ԱՊՀ երկրներից: Ներկայացված 699 աշխատանքից 20-ի հեղինակը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների բակալավրի, մագիստրատուրայի ուսանողներն ու շրջանավարտներն են եղել:
Բուհի ռեկտոր Եղիազար Վարդանյանի խոսքով՝ տարիներ շարունակ միջազգային այս մրցույթին հաջողությամբ մասնակցած հայաստանյան մասնագիտական բուհն այս անգամ աննախադեպ արդյունք է գրանցել. ավարտական 20 աշխատանքից 18-ը զբաղեցրել են առաջին տեղ, իսկ երկուսը՝ երկրորդ: