Բջնիի եկեղեցին կվերականգնվի. կառավարությունը 8,2 մլն դրամ հատկացրեց

Բջնիի եկեղեցին
Նախագիծը կազմվել է վարչապետի հանձնարարությամբ։ Փաշինյանը հանձնարարական էր տվել նաև Բջնիի ամրոցի վերաբերյալ` նշելով որ հարկավոր է բանակցել այգիների սեփականատերերի հետ հուշարձանն առավել ներկայանալի դարձնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 8,2 մլն դրամ հատկացվեց Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման համար։
«Պարոն վարչապետ այս նախագիծը կազմվել է ձեր հանձնարարականից հետո, որն այս տարի հնչեց Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցու ավանդատան արտաքին պատի վերականգնման հետ կապված»,– ասաց Դումանյանը։
Բջնիի եկեղեցին նորոգելու մասին Փաշինյանը խոսել էր ամռանը` կառավարության նիստերից մեկում` ասելով, որ հանգստյան օրերին այցելել է Բջնի ու արձանագրել, որ եկեղեցում պատի դիմաց փայտե սյուներ են հենել, որ պատը չփլուզվի։
ԿԳՄՍ նախարարին էլ հանձնարարեց հնարավորինս արագ նորոգել եկեղեցին։
Փաշինյանը հանձնարարականներ է տվել նաև Բջնիի ամրոցի վերաբերյալ` նշելով որ համակից այգիները ծածկել են պարիսպները, և որ հարկավոր է բանակցել դրանց սեփականատերերի հետ` հուշարձանն առավել ներկայանալի դարձնելու համար։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետը նաև հետաքրքրվեց, թե ինչ է արվել այդ ուղղությամբ;
Դումանյանը հայտնեց, որ ՏԻՄ–երը բջնեցիների հետ բանակցում են այգիների տարածքը գնելու, կամ դրանք այլ տարածքների հետ փոխանակելու շուրջ։ Բայց զուգահեռ քննարկվում է նաև հանրային գերակա շահ ճանաչելու տարբերակը։
Նույն նախագծով ևս 2 մլն 771 հազար դրամ էլ հատկացվեց Հաղպատի վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների վերականգնման համար անհրաժեշտ գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար։
Նախարար Դումանյանը հայտնեց, որ վանական համալիրի արևմտյան պարսպապատի աշտարակներից մեկից վերջին մի քանի երկրաշարժերից հետո քարաթափումներ են եղել, առաջացել են մեծ ճաքեր։ Աշտարակը վթարային վիճակում է, և առկա է փլուզման վտանգ։ Վնասվածքներ կան նաև մյուս աշտարակների և պարսպի որոշ հատվածների վրա։ Աշխատանքների կատարման համար նախևառաջ անհրաժեշտ են գիտանախագծային փաստաթղթեր: Նախագծման աշխատանքների համար հայտարարվել է մրցույթ։