Ավստրալիայի իշխանություններն առաջին անգամ հասցեական մեղադրել են Ադրբեջանին

Ավստրալիայի ԱԳՆ
Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեն կարծում է, որ Ավստրալիայի կառավարության ներկայացուցչի հայտարարությունը զգալի տեղաշարժ է երկրի իշխանությունների հռետորաբանության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր – Sputnik. Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգն առաջին անգամ բացեիբաց հայտարարել է, որ Ադրբեջանն է պատասխանատու հայ ռազմագերիների հանդեպ հանցագործությունների համար: Այս մասին նամակով գերատեսչությունից հայտնել են Ավստրալիայի հայ ազգային կոմիտեին։
Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեն նշում է, որ այսպիսի հայտարարությունը զգալի տեղաշարժ է երկրի իշխանությունների հռետորաբանության մեջ, քանի որ նախկինում այս երկիրը իր հայտարարությունները հասցեագրում էր երկու կողմերին։
«Կառավարությունը կիսում է միջազգային հանրության արձագանքը և նույնպես դատապարտում խաղաղ քաղաքացիների դեմ դիտավորյալ գնդակոծություններն ու զինծառայողների նկատմամբ հանցագործությունները, այդ թվում` ռազմագերիների սպանություններն ու զոհված զինծառայողիների մարմիների խոշտանգումը»,– գրել է Փենի Վոնգը նամակում:
Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Մայքլ Կոլոկոսյանը ողջունել է կառավարության այդ քայլը։
Նա հույս է հայտնել, որ Ավստրալիայի կառավարությունը կհետևի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մյուս երկրների օրինակին ու կոչ կանի ագրեսորին դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Հրապարակվել է սեպտեմբերի զոհերի առաջին պաշտոնական ցուցակը. 197–ից 93-ի անունները հայտնի են