ՌԴ-ն կոչ է արել «միջուկային հնգյակին» չխրախուսել այդ զենքի կիրառման սադրանքները

ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը շարունակում է հանդես գալ միջազգային անվտանգության նորացված, ավելի կայուն ճարտարապետության ձևավորման օգտին, որը հիմնված կլինի գլոբալ ռազմավարական կայունության ապահովման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն միջուկային պատերազմը կանխելու մասին հայտարարություն է հրապարակել, որում կոչ է արել «միջուկային հնգյակի» երկրներին հրաժարվել միմյանց կենսական շահերը ոտնահարելու փորձերից:
«Կոչ ենք անում «միջուկային հնգյակի» երկրներին գործնականում ցույց տալ իրենց պատրաստակամությունը՝ աշխատելու այս առաջնահերթ խնդրի լուծման ուղղությամբ և հրաժարվելու միմյանց կենսական շահերը ոտնահարելու վտանգավոր փորձերից։ Պետք է զերծ մնալ զանգվածային ոչնչացման զենքի հետ կապված սադրանքներից, ինչը կարող է աղետալի հետևանքների հանգեցնել», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանը միջուկային զսպման ոլորտում քաղաքականության մեջ առաջնորդվում է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին դրույթով` հասկանալով, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, իսկ ռուսական դոկտրինալ սահմանումները կրում են միայն պաշտպանական ուղղվածություն և ընդարձակման գնալու թույլ չեն տալիս: Միջուկային զենքի օգտագործմամբ արձագանքելը Ռուսաստանի Դաշնության կողմից հիպոթետիկորեն թույլատրվում է միայն ի պատասխան զանգվածային ոչնչացման զենքի կամ սովորական սպառազինության օգտագործմամբ ագրեսիայի դեպքում, երբ պետության գոյությունը վտանգված է:
«Ռուսաստանը ելնում է միջուկային սպառազինությունների կրճատման ու սահմանափակման, միջազգային միջադեպերի և հակամարտությունների ռազմավարական ռիսկերի և սպառնալիքների նվազեցման ոլորտում գործող պայմանավորվածությունների ու ըմբռնումների անփոփոխ արդիականությունից, որոնք հղի են միջուկային մակարդակի էսկալացիայով։ Լիովին հաստատում ենք հավատարմությունը միջուկային զենք ունեցող հինգ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությանը՝ միջուկային պատերազմը կանխելու և 2022 թվականի հունվարի 3-ի սպառազինությունների մրցավազքը թույլ չտալու մասին», - նշվում է փաստաթղթում։
ԱԳՆ–ից հավելել են, որ ներկայիս բարդ և անհանգիստ իրավիճակում, որը Ռուսաստանի ազգային անվտանգությունը խաթարելուն ուղղված անպատասխանատու և անդադար գործողությունների հետևանք է, առաջնային խնդիրը միջուկային տերությունների ռազմական բախումը թույլ չտալն է։
«Ռուսաստանը շարունակում է հանդես գալ միջազգային անվտանգության նորացված, ավելի կայուն ճարտարապետության ձևավորման օգտին՝ կանխատեսելիության ու գլոբալ ռազմավարական կայունության ապահովման, ինչպես նաև իրավահավասարության, անվտանգության և կողմերի հիմնարար շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների պահպանման հիման վրա», - հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան երբեք նախաձեռնողաբար ոչինչ չի ասել միջուկային զենքի կիրառման վերաբերյալ, իսկ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին թեզի ներարկումն օգտագործվում է Ռուսաստանի բարեկամ երկրների վրա բացասաբար ազդելու նպատակով: