ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիտարկումներին պատասխան է տրվել ժամանակին: Հարությունյանն իր տեսակետը հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։
Հարցին, թե հայկական կողմից համարժեք կոշտ պատասխան հնչե՞լ է, Հարությունյանը պատասխանեց. «Հո սա բռնցքամա՞րտ չի, որ կոշտ կամ փափուկ լինի. մենք մեր մարտավարությունն ունենք ու ըստ դրա էլ գործում ենք»:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմային, Հարությունյանն ասաց, թե Հայաստանն ամեն ինչ անում է, որ ՀԱՊԿ-ը կատարի պայմանագրերով ստանձնած իր պարտականությունները։
Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ արտահերթ նիստում Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ պետությունների համար թշնամի կամ հակառակորդ չէ, ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ը հակադրել Ադրբեջանին: Նա շեշտել էր` Ադրբեջանն այժմ գլխավորում է բացարձակապես «մեր մարդը՝ Իլհամ Ալիևը»։
Բելառուսի նախագահը հավելել էր, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Բելառուսի համար «հարազատ» երկրներ են, և հակամարտությունը երկու երկրների միջև պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ ճանապարհով: