ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ օպերացիայի սկսվելուց հետո Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից ՀՀ տեղափոխված ՏՏ ընկերությունները երկրում արտարժույթի արժեզրկման պատճառով կամաց–կամաց դառնում են անմրցունակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Հայկ Չոբանյանը։
«Եթե չեմ սխալվում, վերջին տվյալներով, այդ ժամանակվանից մինչ օրս տեղափոխվածներից 75.000 հոգի մնացել է Հայաստանում աշխատելու համար, խոսքը 1000-ից ավելի ԱՁ–ների և ՍՊԸ–ների մասին է։ Կամաց–կամաց իրենք դառնում են այս ամենի մի մասը և բոլոր խնդիրներն ուղղակիորեն վերաբերում են նաև իրենց։ Հաշվի առնելով այն, որ ռելոկացվում են հատկապես այն ընկերությունները, որոնք աշխատում են ոչ թե ներքին շուկայում, այլ արևմտյան գործընկերների հետ, ապա վստահեցնում եմ` իրենք էլ են դառնում անմրցունակ միջազգային շուկայում»,– ընդգծեց Չոբանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՏՏ ոլորտի հայկական ընկերությունների ղեկավարները բողոքում են Հայաստանում արտարժույթի արժեզրկմամբ ստեղծված խնդիրներից, քանի որ ոլորտն արտահանող է համարվում և պատվերները ստացվում են արտարժույթով։ Այսօր ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարները պահանջում էին ՀՀ կառավարությունից հրատապ քայլեր ձեռնարկել ոլորտին աջակցություն տրամադրելու համար։