Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ընթացքին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին: Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը վստահությամբ ընդգծել է, որ երկկողմ համագործակցությունն ունի ներուժ նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդմանը:
Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելն իր հերթին շնորհակալություն է հայտնել թե՛ պետական, թե՛ տեղական մակարդակներում ցուցաբերված աջակցության համար, ընդգծել երկկողմ համագործակցությանը նպաստելու բարձր պատրաստակամությունը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ընթացքին:
Փաշինյանը բացատրեց, թե ինչու է արևմտյան դիտորդներ հրավիրել Հայաստան
Հիշեցնենք` քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյան–Էմանուել Մակրոն–Շառլ Միշել–Իլհամ Ալիև քառակողմ հանդիպման ժամանակ։
ԵՄ դիտորդների առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։ Աշխատանքի նպատակը տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության ձևավորմանն ու սահմանին դելիմիտացիայի և անվտանգության հանձնաժողովի աշխատանքին նպաստելն է։