Վոլոդինն ասել է` ինչ պայմանով կվերսկսվի պարենային գործարքը

ՌԴ Պետդումայի խոսնակի խոսքով` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր գործողություններով խաչ է քաշել բոլոր պայմանավորվածությունների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ պարենային գործարքի վերականգնումն անհնար է, քանի դեռ անվտանգության միջանցքն օգտագործվում է ահաբեկչական գործողությունների համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանը հոկտեմբերի 29–ին Սևաստոպոլի ջրատարածքում Սևծովյան նավատորմի նավերի ու քաղաքացիական նավերի վրա Կիևի ահաբեկչական հարձակումներից հետո հայտարարեց Ուկրաինայի նավահանգիստներից պարենամթերքի դուրսբերմանն իր մասնակցությունը դադարեցնելու մասին։
ԵՄ-ն կոչ է արել ՌԴ-ին վերանայել պարենային գործարքին մասնակցության դադարեցման որոշումը
ՌԴ ՊՆ–ի տվյալներով` ահաբեկչական գործողության նախապատրաստումն ու Ուկրաինայի 73-րդ հատուկ կենտրոնի զինծառայողների ուսուցումը ծովային գործողություններին իրականացվել է բրիտանացի մասնագետների ղեկավարությամբ։
«Պարենային գործարքի վերսկսումն անհնար է, քանի դեռ անվտանգության միջանցքն օգտագործվում է ահաբեկչական գործողությունների համար։ Ռուսաստանն ուկրաինական կողմին հացահատիկի դուրսբերման հնարավորություն է տվել։ Հացահատիկ, որը պետք է գնար Աֆրիկայի և Ասիայի առավել կարիքավոր պետություններ։ Սակայն այդ երկրներին բաժին հասավ միայն 3-4 %–ը։ Իսկ մեծ մասը գնաց ԵՄ–ի հարուստ պետություններին», – գրել է Վոլոդինն իր Telegram ալիքում։
Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր գործողություններով խաչ է քաշել բոլոր այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք էին բերվել Թուրքիայի և ՄԱԿ–ի մասնակցությամբ` ցույց տալով «կիևյան ռեժիմի ահաբեկչական էությունը»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 250-րդ օրը։