ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբեր – Sputnik. Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Թայիսին Թեհրանում հավանաբար կքննարկեն Զանգեզուրի հարցը։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիա մամուլի կենտրոնում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
«Հուսով եմ` Իրանում կլինի երեկվա բանակցային գործընթացի գոնե մի մասի շարունակությունը, գոնե այն մասով, որը վերաբերում է Զանգեզուրին»,– նշեց նա` հավելելով, որ այսպիսի եզրահանգման է եկել, քանի որ այդ հարցը ավելի շատ է անհանգստացնում ու հետաքրքրում Իրանին։
Քաղաքագետը բավական հետաքրքիր համարեց այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը Սոչիից անմիջապես մեկնեց Թեհրան։ Նրա խոսքով` այսօր տարածաշրջանում երկու երկիր կա, որոնց շահերը անվտանգության առումով համընկնում են։ Խոսքը Ռուսաստանի ու Իրանի մասին է։ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Հայաստանը այդ երկրների հետ պետք է ստեղծի այլընտրանքային անվտանգության համակարգեր։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանում նա արդեն հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։