ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով` Գևորգյանի փաստաբանը վատառողջ է։
Հայտնել էինք, որ նախորդ դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են կարճել քրեական գործը և դադարեցնել Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։
«Դատարանը պաշտպան Լուսինե Սահակյանից գրություն է ստացել, որ նա այսօրվա դատական նիստին չի կարող մասնակցել վատառողջ լինելու պատճառով և խնդրել է այսօրվա նիստը հետաձգել»,–ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը։
Դատախազները չառարկեցին։
Քանի որ դատարանը թույլատրել էր Արմեն Գևորգյանին մեկնել երկրից` ԵԽԽՎ նիստին մասնակցելու նպատակով, նիստը հետաձգվեց երկու շաբաթով։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին` ժամը 13։00–ին։
Հիշեցնենք` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։