ՌԴ Դաշնային խորհուրդը ՀՀ-ի և Ադրբեջանի հետ խորհրդակցություններ է անցկացնում

ՌԴ Դաշնային խորհուրդ
Ըստ ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակի՝ միջխորհրդարանական շփումներն անհրաժեշտ են երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՌԴ Դաշնային խորհուրդը խորհրդակցություններ է սկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական շփումներ սկսելու համար՝ կողմերի միջև վստահություն ստեղծելու նպատակով։ Telegram-ի իր ալիքում այս մասին հայտնել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը։
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները երեկվա համատեղ հայտարարության մեջ, ի թիվս այլ հարցերի, ընդգծել են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ հասարակության ներկայացուցիչների, փորձագետների միջև երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար: Եվ մենք Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովների մեխանիզմները գործարկում ենք այդ խնդիրը լուծելու համար։ Դաշնության խորհրդի գծով համապատասխան խորհրդակցություններն արդեն սկսվել են»,- գրել է Կոսաչևը։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասին
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Արցախի կարգավիճակի հարցը հաջորդ սերունդների համար է. Հայաստանում Ռուսաստանի դեսպան