Փաշինյանն այլևս չի վստահում անգամ մտերիմներին․ «Հրապարակ»

ՔՊ վարչության անդամներին զարմացրել է Փաշինյանի որոշումը, քանի որ այդ պաշտոնի համար թեժ մրցակցության մեջ էին Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լուրջ խնդիրներ կան , որոնք ստիպել են Նիկոլ Փաշինյանին ստանձնել վարչության նախագահի դերը՝ փորձելով կանխել իր դեմ հնարավոր դավադրությունները (նախորդ ընտրություններում վարչության նախագահ էր դարձելՍուրեն Պապիկյանը), գրում է «Հրապարակ» թերթը։
ՔՊ-ն վարչության նոր անդամներ ունի. ամենաշատ ձայներ ստացել է Նիկոլ Փաշինյանը
Նշվում է, որ ՔՊ վարչության անդամներին զարմացրել է Փաշինյանի որոշումը։ Փաստն այն է, որ այս պաշտոնի համար թեժ մրցել են Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը։
«Շատերը սպասել են, որ ավանդույթի համաձայն` նա կհրաժարվի։ Սակայն ի զարմանս շատերի` Փաշինյանն ընդունել է վարչության անդամների՝ նախագահությունը ստանձնելու խնդրանք-առաջարկը։ ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն այլևս չի վստահում անգամ մտերիմներին և գնացել է այդ քայլին, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի լիդեր դառնալ և աչք դնել իր աթոռին»,-գրում է թերթը։
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի ճաշակով վարչություն է ձևավորվել, ավելին՝ ակնհայտ է, որ ներքին լուրջ քարոզչություն է իրականացվել ոմանց իրենց տեղը ցույց տալու, ոմանց պատժելու, որոշներին էլ խրախուսելու նպատակով։
Նորընտիր վարչությունը կազմված է 15 անդամից։ Ամենաշատ ձայները հավաքել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը , փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, իսկ, օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շատ քիչ ձայներով ձբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։
ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը
Նշենք, որ 2015-ին հիմնադրվելուց հետո ՔՊ-ում վարչության նախագահությունը ստանձնել էր Արայիկ Հարությունյանը, հետո՝ Սասուն Միքայելյանը, իսկ 2019-ից ի վեր՝ Սուրեն Պապիկյանը։