ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Իրանի նպատակն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան 3 մլրդ դոլարի։ Այսօր հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։
Նշենք, որ Փաշինյանն Իրան է մեկնել այսօր։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 43 տոկոսով. մեր նպատակն է այն հասցնել երեք միլիարդ դոլարի, և այդ նպատակը հասանելի է։ Մեր երկրների միջև լավ հարաբերությունների հաստատումն անպայման կհանգեցնի տարածաշրջանում հարաբերությունների բարելավմանը»,–ասել է Ռայիսին։
Փաշինյանն էլ իր հերթին հայտնել է, որ բանակցություններ են վարել էներգետիկայի, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցելու շուրջ։
Գործակալությունը տեղեկացնում է նաև, որ Իրանն ու Հայաստանը էներգետիկ ոլորտում տնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել. կողմերը պայմանավորվել են մինչև տարեվերջ երկարաձգել երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման թույլտվությունը:
Նշվում է, որ այժմ Իրանը Հայաստան է արտահանում մեկ միլիոն խորանարդ մետր գազ, ինչը երկու անգամ կավելանա։
Իրանական գազը Հայաստանի տարածքում վերամշակվում է ԻԻՀ արտահանման համար նախատեսված էլեկտրաէներգիայի։ Երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը կերկարաձգվի մինչև 2030 թվականը։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանն այսօր հանդիպել ու քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։