Թուրքիան կշարունակի լուծել պարենային խնդիրը. Էրդողան

Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Թուրք առաջնորդը մեկնաբանել է հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան կշարունակի ջանքերը պարենային անվտանգության խնդրի լուծման ուղղությամբ, չնայած Ռուսաստանի տատանումներին, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Կիևը հարձակվել էր Սևծովյան նավատորմի և քաղաքացիական նավերի վրա, որոնք Սևաստոպոլի տեղակայման վայրի արտաքին և ներքին ուղերթեր էին իրականացնում: Դրանից հետո Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանմանը։
«Մենք ձգտում էինք մատակարարել Ուկրաինայում ու Ռուսաստանում արտադրված ցորենն այն երկրներին, որոնք սովի վտանգի առաջ էին կանգնած։ Ստամբուլում մեր ստեղծած համատեղ մեխանիզմի շնորհիվ ուկրաինական ցորենը հասանելի դարձրեցինք ամբողջ աշխարհի համար և օգնեցինք նվազեցնել պարենային ճգնաժամը: Չնայած Ռուսաստանն այս առումով տատանվում է իր համար նույն հնարավորությունների բացակայության պատճառով, մենք կշարունակենք անել հնարավորը մարդկությանը ծառայելու համար», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում կայացած բժշկական գագաթնաժողովում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք` Ստամբուլում հուլիսի 22-ին երկու փոխկապակցված փաստաթուղթ է ստորագրվել համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծման վերաբերյալ: Փաստաթղթերը միասնական փաթեթ են ներկայացնում։
Առաջին հուշագիրը ՄԱԿ-ի պարտավորությունները համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման տարբեր սահմանափակումները հանելու վերաբերյալ է։
Երկրորդը հստակեցնում էր ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմը սևծովյան նավահանգիստներից։