ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ԵՄ Արևելյան հարևանության երկրներում պետական հատվածի գործունեության համար պատասխանատու Ռաֆալ Ռիբացկիի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է մի շարք ոլորտներում կատարված աշխատանքների արդյունքները:
Տերտերյանը անդրադարձ է կատարել Սյունիքի մարզի համար կարևոր և առաջնային նշանակություն ունեցող ծրագրերին, որոնք պետք է կատարվեն:
Նա մասնավորապես խոսել է ջրային ոլորտի, սահմանամերձ համայնքների հեռագնա արոտների կենսական կարևորության, Կապան քաղաքում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ վերանորոգման, զբոսաշրջության և առողջապահության ուղղությունների մասին:
Տերտերյանը կարևորել է համայնքները միմյանց կապող որակյալ ճանապարհների առկայությունը, որը դրական ազդեցություն կարող է ունենալ բնակիչների կենսամակարդակի բարելավման և սոցիալ-տնտեսական վիճակի վրա:
Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները հետաքրքրվել են համայնքների կառավարման համակարգում կատարված փոփոխություններով:
Նախարարի տեղակալը ներկայացրել է ՏԻՄ ոլորտում կատարված վերջին բարեփոխումները և շեշտել խոշորացումից հետո համայնքների ավելի արդյունավետ կառավարումը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպում-քննարկում ունենալ Սյունիքի մարզում: