Պուտին–Փաշինյան բանակցություններն ավելի քան մեկ ժամ են տևել

Ընդլայնված կազմով հանդիպումից առաջ ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը հանդես են եկել բացման խոսքով։
Sputnik
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդլայնված կազմով բանակցությունները, որոնք տևել են ավելի քան մեկ ժամ, ավարտվել են։ Բանակցություններին հաջորդել է առանձնազրույցը։
Պուտինը հույս է հայտնել, որ հանդիպմանը կհաջողվի առաջ շարժվել ղարաբաղյան կարգավորման հարցում։ Նա ընդգծել է, որ հակամարտությունը պետք է ավարտվի ։
Փաշինյանը հայտարարել է, որ մինչ այժմ լուծված չէ հայ գերիներին ազատ արձակելու հարցը։ Նրա խոսքով՝ Երևանը շահագրգռված է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ և պատրաստ է ցանկացած պահի գնալ համապատասխան լուծումների։
Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանի համար կարևոր է ադրբեջանական զորքերի դուրսբերումը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր եռակողմ հանդիպում կանցկացնեն Սոչիում։ Մինչ եռակողմ հանդիպումը Սոչիում կայացել է Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպումը։
Փաշինյանի հետ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն են մեկնել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնյաներ։
Հիշեցնենք` դեռ հոկտեմբերի 26-ին Փաշինյանը հայտնել էր, որ հաստատել է իր մասնակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը։
Նախորդ նույն ձևաչափով հանդիպումը կայացել էր 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում։ Կողմերը քննարկել էին 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:
Պետք է ինչ-որ կերպ ավարտել ԼՂ հակամարտությունը. Պուտինը հանդիպել է Փաշինյանի հետ