ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնեն նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնյաներ։
Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 26-ին Փաշինյանը հայտնել էր, որ հաստատել է իր մասնակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը։
Նախորդ նույն ձևաչափով հանդիպումը կայացել էր 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում։ Կողմերը քննարկել էին 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը: