ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում անհատ ձեռնարկատեր Լարիսա Աթոյանին պատկանող մսամթերքի (քյուֆթա) արտադրամասին գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Արտադրամասի ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։
«Արտադրական, կենցաղային, օժանդակ սենքերի պատերը պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող, անջրաթափանց նյութերից, առկա է եղել բորբոս, արտադրական գործընթացում օգտագործվող սարքավորումները, գործիքները և պարագաները չեն պահվել բարվոք վիճակում, սեղանների աշխատանքային մակերևույթները մաքուր և նորոգ չեն եղել»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:
Հիշեցնենք, որ օրերս ՍԱՏՄ–ն Էջմիածնում կասեցրել էր քյուֆթայի ևս մեկ արտադրամասի գործունեություն։ Այնտեղ նույնպես պատերին եղել էր բորբոս, սանիտարական նորմերը չէին պահպանվել։