ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հիմնած «Operalia 2022» Համաշխարհային օպերային մրցույթի հաղթող է ճանաչվել սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Մրցույթի կազմակերպիչներն այդ մասին հայտնել են թվիթերյան պաշտոնական էջում ։
«Մենք հպարտությամբ ներկայացնում ենք «Operalia 2022»-ի հաղթողներին։ Շնորհավորում ենք օպերայի համաշխարհային մրցույթի բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին և մասնակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է նաև հանդիսատեսի մրցանակը։
Նշենք, որ Ջուլիանա Գրիգորյանը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է։ Նա ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ, համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Վաչե Շարաֆյանի հետ։
Նշենք, որ հայ օպերային երգիչները նախկինում ևս հաջողություններ են գրանցել այս հեղինակավոր մրցույթում։ Անցյալ տարվա հոկտեմբերին սոպրանո Մանե Գալոյանն էր միանգամից երեք մրցանակի արժանացել և զբաղեցրել երկրորդ տեղը։
«Operalia» ամենամյա մրցույթը տարբեր տարիներին անցկացվել է Փարիզում, Մադրիդում, Տոկիոյում, Պուերտո Ռիկոյում, Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Քվեբեկում, Աստանայում, Բուդապեշտում, Մեխիկոյում: Այս տարի այն կազմակերպվել էր Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։