Հրապարակվել է Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հայտարարության տեքստը

Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ հանդիպում
Կողմերը պայմանավորվել են ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Կրեմլը հրապարակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի` Սոչիում համաձայնեցրած հայտարարության տեքստը։

«Մենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդիպեցինք 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում և քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։ Վերահաստատեցինք նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից»,– ասված է հայտարարությունում։

Կողմերը համաձայնել են լրացուցիչ ջանքեր գործադրել մնացյալ, այդ թվում` հումանիտար խնդիրների հրատապ լուծման ուղղությամբ:
Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում` երեք երկրի ղեկավարներն ընդգծել են տարածաշրջանում իրադրության կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը։
«Պայմանավորվեցինք ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, բոլոր խնդրահարույց հարցերը քննարկել և լուծել բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի` 1991թ. հռչակագրի համաձայն»,– ասված է հայտարարությունում:

Կարևորվել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստումը՝ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հասնելու նպատակով: Առկա աշխատանքային տարբերակների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունն ամեն կերպ կաջակցի դրան։

Ընդգծվել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար։
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ողջունել են Ռուսաստանի պատրաստակամությունը` այսուհետ ևս նպաստել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը:
Նշենք, որ եռակողմ բանակցություններից առաջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։
Պուտին–Փաշինյան բանակցություններն ավելի քան մեկ ժամ են տևել
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է Սոչիում փաստաթուղթ ստորագրել, որը հիմք կհանդիսանա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համար։
Հիշեցնենք` սա Փաշինյանի, Պուտինի և Ալիևի երրորդ եռակողմ հանդիպումն էր։ Նախորդը կայացել էր 2021 թվականի նոյեմբերի 26-ին, իսկ առաջինը` 2021 թվականի հունվարի 11-ին։