ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Սոչիում այսօրվա եռակողմ հանդիպման նպատակը Ղարաբաղի շուրջ նախկին պայմանավորվածությունների կատարումն է։
«Կարծում եմ` հանդիպումը կարևոր նշանակություն ունի։ Ինչպես տեսնում եմ, այս հանդիպման նպատակը մեր բոլոր պայմանավորվածությունների կատարումն ապահովելն է, որոնք ձեռք են բերվել 2020 և 2021 թվականներին»,– ասել է Պուտինը։
Նրա խոսքով` ՌԴ խաղաղապահ զորակազմը Ղարաբաղում իր առաքելությունն իրականացնում է ըստ արժանվույն։ Պուտինն ընդգծել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության առաջընթացը, սակայն նշել է այդ աշխատանքին լրացուցիչ խթան հաղորդելու անհրաժեշտությունը։
Ալիևն էլ հայտարարել է, որ ակնկալում է` Ռուսաստանը հետագայում ևս ակտիվ դերակատարություն կունենա հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր պետք է եռակողմ հանդիպում ունենան, որի ընթացքում քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։
Ավելի վաղ Պուտինը Սոչիում երկկողմ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։