Արցախի հարցում եռամիասնությունն այնքան էլ միասնական չէ

Արայիկ Հարությունյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովին. Արխիվային լուսանկար
Եկեք անկեղծ լինենք։ Շատ ենք խոսում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին, բայց չենք ուզում խոստովանել, որ այդ եռամիասնությունը, մեղմ ասած, այնքան էլ միասնական չէ, մանավանդ Ղարաբաղի հարցում։
Sputnik
Այսօր Արցախի ու եռամիասնության ոչ միանշանակ մոտեցումների հետ կապված բարդ հարցերին անդրադառնալն ավելի քան հրատապ է, քանզի դրա առիթը կա։ Ստեփանակերտում տեղի ունեցան խորհրդարանի արտահերթ նիստ և հանրահավաք, Երևանում կայացավ իշխող կուսակցության համագումարը, որը վարչապետին ընտրեց վարչության նախագահ, ու նաև ավարտին է մոտենում համահայկական հավաքը, կամ ինչպես այն հիմա անվանում են՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովը։
Հիշենք մեր նորագույն պատմությունը։ Ամեն ինչ սկսվեց Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և սփյուռքի դիրքորոշումների միասնությամբ։ Հայաստանը նույնիսկ հայտարարեց՝ Հայաստանի համար ընդունելի է այն, ինչ ընդունելի է Լեռնային Ղարաբաղի համար։ Հայաստանը, ճիշտ է, այդպես էլ չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց գոնե 90-ականների պատերազմի ժամանակ և դրան հաջորդած տարիներին Երևանի և Ստեփանակերտի միջև լուրջ, սկզբունքային հակասություններ չկային։
Սփյուռքի տարբեր համայնքներ և կազմակերպություններ ողջունեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ուղղակի նրանք հստակ ընդհանուր կարծիք չէին արտահայտում, հիմա էլ չեն արտահայտում այն պարզ պատճառով, որ Սփյուռքում մեկ միասնական մարմին գոյություն չունի։ Եվ ի դեպ, տարբեր կարծիքները, երբեմն հակադիր դիրքորոշումները բնորոշ են ոչ միայն հայկական սփյուռքին։ Սկզբունքային տարաձայնություններ կան, օրինակ, հրեական համայնքներում, որոնք երբեմն շատ թեժ ու սկզբունքային վեճերի առիթ են դառնում։
Անցավ մոտ երեք տասնամյակ, և ակնհայտ դարձավ, որ այժմ արդեն ոմանք փոխել են իրենց դիրքորոշումը, իսպառ մոռացել, թե ինչպես էին ժամանակին բաժակաճառեր արտասանում, խմում ղարաբաղցիների և նրանց փառապանծ հաղթանակի կենացը։ Հիմա այդ նույն մարդիկ որպես արդարացում ասում են. «Դե, այն օրերին, երբ Արցախն անկախություն հռչակեց, իրավիճակը լրիվ ուրիշ էր՝ Ադրբեջանը թույլ էր, բրիտանացիները դեռ չէին սկսել Կասպյան նավթի ու գազի հանքավայրերի շահագործումը, Թուրքիայի ներգրավվածությունն էլ այդքան ակնհայտ ու ակտիվ չէր»։ Երևի ենթադրվում է, որ այս բոլոր փաստարկներից կարելի է հետևություն անել՝ 90-ականների հաղթանակը անխոհեմ էր։ Կարծես լինում են հաղթանակներ, որոնք խոհեմ են, և հաղթանակներ, որոնք անխոհեմ են։
Այսպես սկսվեցին տարաձայնությունները եռամիության ներսում։Արդյունքում անփոփոխ մնաց միայն արցախցիների դիրքորոշումը, որը նրանք արտահայտեցին նաև կիրակի օրը Ստեփանակերտում կայացած հանրահավաքում։ Եռամիասնության մյուս հատվածի՝ Հայաստանի դեպքում իրադրությունը բոլորովին այլ է, մանավանդ թավշյա հեղափոխությունից հետո։ Մի կողմից՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», մյուս կողմից, հայաստանցի իշխանական պատգամավորներից մեկի հայտարարությունը, թե Արցախը իրավունք չունի իր կամքը թելադրելու Հայաստանին։ Ի վերջո, իշխանությունն ընտրել է այն տարբերակը, որի մասին կուսակցական համագումարում խոսեց վարչապետը` հայտարարելով, թե պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթ, որով Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունն Արցախում կերկարաձգվի 10-20 տարով։ Փորձագետների կարծիքով` սա մի բան է նշանակում՝ մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ ստորագրել այնպիսի պայմանագիր, որտեղ ամրագրված լինի, որ Արցախի հարցը թողնվում է հետագային։ Երևի այս տարբերակը կարելի է միջին կամ փոխզիջումային համարել։
Ինչ վերաբերում է սփյուռքին, ապա արտերկրի հայերի միասնական կարծիքի մասին առաջվա պես շատ դժվար է դատել։ Կարելի է ընդամենը վկայակոչել գործարար Ռուբեն Վարդանյանին, որն, ուր որ է՝ ստանձնելու է Արցախի պետնախարարի, այսինքն, փաստացի վարչապետի պաշտոնը։ Անդրադառնալով Համաշխարհային հայկական գագաթնաժողովին` նա կարծիք է հայտնել. «Անընդունելի եմ համարում, որ այսպիսի միջոցառման ժամանակ Արցախ բառը չի հնչել ու չի հնչում»։ Համաձայնե՛ք, իրոք բավական զարմանալի է, որ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մարդիկ, շարունակ խոսելով եռամիասնության մասին, գրեթե շրջանցում են այսօրվա երևի թե ամենակարևոր հարցը՝ ինչպիսի՞ն է լինելու Արցախի ապագան։ Ի դեպ, շատ հետաքրքիր կլիներ, եթե գագաթնաժողովի բոլոր մասնակիցները գնային Ստեփանակերտ և տեսնեին այնտեղի կիրակնօրյա հուժկու հանրահավաքը։ Դա, հաստատ, մի 1000 անգամ ավելի մեծ օգուտ կտար, քան, այսպես կոչված՝ «պանելային» քննարկումները։
Ամփոփենք։ Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության մասին այս օրերին շատ է խոսվել, սակայն դժվար է ասել՝ արդյոք այդ եռամիասնությունը իրո՞ք միասնական է։ Եվ արդյոք բազմակարծությունը կնպաստի՞ Արցախի հիմնախնդրի այնպիսի լուծմանը, որը կընդունեն ողջ աշխարհի հայերը։
Դիմում ենք ՌԴ–ին` շարունակել ապահովել Արցախի անվտանգությունը. Արցախի ԱԺ հայտարարությունը