ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Պահեստազորային զինծառայողի սպանության դեպքով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են ՔԿ-ից։
Հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում 2022թ․ հոկտեմբերի 29-ին համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ Զինված ուժերի պահեստազորային, շարքային Միսակ Պետրոսյանը։
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ըստ նախնական տվյալների, պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել է համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ է արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, որից հետո կրակել է նաև իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն) և 528-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողի կողմից առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն)։
Կատարվում է նախաքննություն։