ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման մեկամսյա ակցիաներն ամփոփվել են քայլերթով, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարծությունից։
Նշենք, որ հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման մեկամսյա ակցիաներն ամփոփվել են քայլերթով
Նախարարը քայլերթի ընթացքում անցորդներին տեղեկատվական թերթիկներ տվեց, զրուցեց նրանց հետ` ընդգծելով, որ քաղցկեղը դատավճիռ չէ, միայն թե պետք է այն վաղ փուլում հայտնաբերել։
«Քայլերթով փորձում ենք իրազեկել կանանց, որպեսզի ճիշտ ժամանակին հետազոտվեն։ Ամբողջ ամսվա ընթացքում մեր միջոցառումներն ուղղված էին քաջալերելու, ոգևորելու, իրար սատար կանգնելու` որպեսզի տարվա ընթացքում 1 անգամ կանայք գնան հիվանդանոց ու հետազոտվեն, որպեսզի խնդիրը հնարավորինս վաղ փուլում հայտնաբերվի։ Դրա արդյունքում մենք կունենանք նաև առողջացումներ»,– լրագրողների հետ զրույցում նշեց Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ պետպատվերի շրջանակներում միջոցառումներ են իրականացվում ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Լոռիում և Տավուշում ԱՆ շարժական մամոգրաֆի շնորհիվ 50-69 տարեկան կանայք արդեն անցել են անվճար մամոգրաֆիկ հետազոտություն։ Մամոգրաֆն այժմ Սյունիքի մարզում է` Սիսիան քաղաքում։
«Վերջին տարիներին ավելացել են դեղորայքային բուժման փաթեթները, վիրահատական բոլոր միջամտություններն իրականացվում են պետպատվերի շրջանակում։ Վերջին շրջանում ունեցել ենք դիմելիության աճ, ինչը ցույց է տալիս, որ այս ծառայություններն ավելի հասանելի են դարձել կանանց համար»,– ասաց Ավանեսյանը։
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումները լինելու են նաև հաջորդ ամիսներին։
Առողջապահության նախարարությունից շեշտում են` Հայաստանում 12.592 կին պայքարում է քաղցկեղի դեմ, ամեն տարի մեր երկրում մոտ 1300 նոր դեպք է հաստատվում։