ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով։ ԱԺ հայտարարությունը արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց 44-օրյա վերջին պատերազմում զոհված Արտյոմ Ավագյանի հայրը` պատգամավոր Արեգ Ավագյանը։
Նշենք, որ նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաք է ընթանում, որին մասնակցում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։
«Արցախի ԱԺ–ն` արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքը` փաստում է` Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հաշվի առնելով Ռուսաստանի պատմական դերակատարությունը մեր տարածաշրջանում` խաղաղության և կայունության ապահովման գործում, մասնավորապես, ագրեսոր Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված 2020 թվականի 44-օրյա պատերազմի դադարեցմանն անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությունը` դիմում ենք Ռուսաստանին` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով։ Հաշվի առնելով նաև Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգները` առաջարկում ենք ներդնել ռազմական և քաղաքական լրացուցիչ մեխանիզմներ»,– մասնավորապես ասված է հայտարարությունում։
Նիստից հետո Աժ նախագահն ու բոլոր պատգամավորներ դուրս եկան խորհրդարանի շենքից ու միացան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող հանրահավաքին։