ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ընկերությունների միջև շախմատի գրան պրիի երրորդ փուլը կայացավ հոկտեմբերի 29-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում։
Խաղին մեկնարկին մասնակցեց տարբեր ընկերություններ և կազմակերպություններ ներկայացնող 17 թիմ (4 հիմնական խաղացող և 1 պահուստային), այդ թվում` Հայաստանի ժուռնալիստների միության շախմատային թիմը։ Շախմատի տախտակի մոտ էին Վադիմ Մկրտչյանն ու Ռուբեն Մարգարյանը («Գոլոս Արմենիի»), Արարատ Պետրոսյանը («Հայաստանի Հանրապետություն»), Նորայր Շողիկյանը (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն) և Արա Նալբանդյանը (Sputnik Արմենիա)։
Մասնակիցները խաղացին 6 տուր` յուրաքանչյուր պարտիան 10 րոպե տևողությամբ (յուրաքանչյուր քայլի համար 2 վայրկյան հավելումով)։
Առաջին տեղը գրավեց Պոլիտեխնիկական համալսարանի թիմը` հավաքելով 10 թիմային միավոր (16,5 – անհատական), երկրորդը` «Սոֆթ Քոնսթրաքթ-1» թիմը` 9 միավորով (16,5)։
3-6–րդ տեղերը միմյանց հետ կիսեցին մի քանի թիմեր, այդ թվում նաև լրագրողների հավաքականը` 8 թիմային միավոր հավաքելով։ Լրացուցիչ ցուցանիշներով բրոնզե մեդալը նվաճեց Հայաստանի փաստաբանների պալատի թիմը։ Լրագրողները 6-րդն էին։
Լրագրողների հավաքականին միավորներ բերեցին Վադիմ Մկրտչյանը (6-ից` 4 միավոր), Արարատ Պետրոսյանը (6-ից` 3,5), Ռուբեն Մարգարյանը (5-ից` 4), Նորայր Շողիկյանը (5-ից` 1,5) և Արա Նալբանդյանը (2-ից` 1)։
Մրցաշարը բաղկացած է հինգ փուլերից, որոնցից վերջինը կկայանա դեկտեմբերին: Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի շախմատի ֆեդերացիան՝ ArLeAM ընկերության «Door» ապրանքանիշի հովանավորությամբ: