ԼՂ-ի մասին ի՞նչ թաքնված ակնարկ կար Պուտինի հայտարարության մեջ. մեկնաբանում է քաղաքագետը

Վիգեն Հակոբյանը «Վալդայ» ակումբում
Վիգեն Հակոբյանը կարծում է, որ երեկ Պուտինն ակնարկել էր նաև` եթե հրաժարվենք վաշինգտոնյան փաստաթղթից, պատրաստ են ավելի մեղմ տարբերակների գնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեսիջներն ավելի շատ ուղղված էին ՀՀ ներքին լսարանին։ Պուտինը փորձեց ներկայացնել, որ եթե ինչ–որ մի բան ստորագրվում է Հայաստանի կողմից կամ նպատակ կա ստորագրելու, ապա դրա հիմքերը պետք է որոնել այլ տեղերում։ Այսօր` «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով Վլադիմիր Պուտինի` երեկ արված հայտարարություններին։
Երեկ «Վալդայ» միջազգային ակումբի լիագումար նիստում Պուտինը հայտարարել էր, թե իրենք ՀՀ–ին առաջարկել են վերադարձնել 5 շրջան, սակայն ՀՀ ղեկավարությունը գնացել է իր ճանապարհով։ Միաժամանակ, Պուտինը նշել էր նաև, որ Հայաստանին առաջարկվող Վաշինգտոնի տարբերակը ենթադրում է Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչում Ադրբեջանի կազմում։
«Պուտինը երկու անգամ նշեց` եթե հայ ժողովուրդը և նրա ղեկավարությունը ցանկանում է ստորագրել մի փաստաթուղթ, որով Ղարաբաղի սուվերենությունը զիջում են Ադրբեջանին, ապա դա հայ ժողովրդի և նրա իշխանության ընտրությունն է։ Այսինքն` սա մեսիջ էր ներքին լսարանին, որ եթե համաձայն չեք ղեկավարության հետ, ապա դուք պետք է փորձեք այդ հարցը լուծել` մենք ընդամենը կաջակցենք այն տարբերակին, որին համաձայն է հայ ժողովուրդն ու իր ընտրած ղեկավարությունը։ Սա փորձ էր նաև փակել մեղադրանքների թեման, որ ռուսներն են ստիպում Արցախը հանձնել»,–ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` Պուտինը երեկ նաև ակնարկեց, որ կա հարցի լուծման այլ տարբերակ։ Այսինքն` եթե ՀՀ ղեկավարության և ժողովրդի համար կարևոր են Արցախի կարգավիճակի շուրջ որոշակի նյուանսներ, ապա ՌԴ–ն նաև այդ հարցում է պատրաստ որոշակի գործողություններ կատարել։ Թեպետ, ըստ Հակոբյանի, դա շատ դժվար է` առանց Ադրբեջանի վրա ազդեցության հնարավոր չի լինի դա անել։
«Կարծում եմ` ասվեց, որ եթե ցանկություն լինի հրաժարվել վաշինգտոնյան փաստաթղթից, ապա ՌԴ-ն պատրաստ է փորձել ավելի մեղմ տարբերակների գնալ»,–շեշտեց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ կորոշվի` վաշինգտոնյա՞ն, թե այլ ճանապարհով կգնա ՀՀ–ն, Հակոբյանը պատասխանեց, որ որևէ հստակություն չի լինելու, և գուցե դեկլարատիվ որևէ փաստաթուղթ ընդունվի։ Քաղտեխնոլոգը ասաց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, թե ներկայիս իշխանությունն այնքան է խրվել այս գործընթացում և ինտեգրվել արևմտյան տարբերակին, որ դժվար է լինելու 2-3 օրվա ընթացքում վերախմբագրել մոտեցումները։ Ուստի, ըստ Հակոբյանի, Սոչիի հանդիպումից հետո գործընթացը կշարունակվի ընթանալ բրյուսելյան գործողությունների քարտեզով։
Հավելենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: