ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Իրանում երիտասարդ աղջկա` Մահսա Ամինիի մահվան հետ կապված անկարգություններն ու բողոքի ցույցերը ամբողջությամբ ծրագրել ու իրականացրել են Միացյալ Նահանգների, Անգլիայի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունները։ Այս մասին ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Հետախուզության նախարարության համատեղ հայտարարության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Առկա տեղեկության համաձայն, գլխավոր դերը դրանում (անկարգություններում) խաղացել է ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչությունը` Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության, Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության (Մոսսադ), Սաուդյան Արաբիայի արտաքին հետախուզության ծառայության և մի շարք այլ երկրների հետախուզության ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ», – ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ Իրանում վերջին շրջանում տեղի են ունենում անկարգություններ ու բողոքի ակցիաներ, որոնք սկսվել են Մահսա Ամինիի մահից հետո։
Սեպտեմբերի 13-ին երիտասարդ աղջիկը ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։
Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված էր ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել էին հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել էր։ Իրանցիները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծի արդյունքում։
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ է դարձել Իրանի բազմաթիվ բնակավայրերում՝ Գիլան, Խուզեսթան, Բելուջիստան և Սիստան նահանգներում, Թեհրանում և Քրդստանում։ Անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ այս ամենը ծրագրված է եղել Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից։