ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Հայաստան-սփյուռք հարաբերությունները բովանդակային, սոցիալ-հոգեբանական, կազմակերպչական խորը փոփոխությունների են ենթարկվում՝ անկախ մեր կամքից:
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում այսօր մեկնարկած Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի բացման ժամանակ։
«Հայաստան-սփյուռք երկխոսության համատեքստում այս հավաքը իրավամբ սպասված և տեղին է, մանավանդ այս օրերին, երբ բոլորին ակնհայտ է, որ Հայաստան-սփյուռք հարաբերությունները բովանդակային, սոցիալ-հոգեբանական, կազմակերպչական խորը փոփոխությունների են ենթարկվում՝ անկախ մեր կամքից: Այդ փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը ցանկանում է դա, այլ որովհետև գլոբալ գործընթացներն են պարտադրում նման փոփոխություններ: Այդ փոփոխությունները կապ չունեն ոչ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, ոչ էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգության հետ: Թե՛ հեղափոխությունը, թե՛ պատերազմը առիթ էին, որ մենք արձանագրեինք ակնհայտը: Իսկ ակնհայտ է այն, որ ժամանակը անխուսափելի ազդեցություն է թողնում նաև հայկական սփյուռքի էության և բովանդակության վրա:
Ի՞նչ է նշանակում սփյուռքահայ մի դարաշրջանում, երբ մարդը կարող է շաբաթվա 7 օրը անցկացնել վեց տարբեր աշխարհամասերում: Ի՞նչ է նշանակում լինել սփյուռքահայ մի պայմաններում, երբ աշխարհի ցանկացած վայրից կարելի է վայրկյանների ընթացքում նամակ, լուսանկար ու տեսանյութ ուղարկել և ստանալ, ուղիղ տեսակապ հաստատել ցանկացածի հետ օրվա մեջ 24 ժամ: Ի՞նչ է նշանակում համայնքային կյանք մի պայմաններում, երբ հայ գրականությունը, հայկական մամուլը, գրքերը ինտերնետի միջոցով հասանելի են ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում, և ցանկացած հայ ցանկացած պահի կարող է խոսել ցանկացած այլ հայի հետ, գեներացնել, կիսել, տարածել ցանկացած գաղափար պայմաններում, երբ Հայաստանը ինտերնետի հասանելիությամբ ու ազատությամբ աշխարհի առաջատար երկրների ցանկում է: Սրանք հարցեր են, որոնց պատասխանելը չափազանց կարևոր է բոլորիս համար»,- ընդգծեց վարչապետը:
Այս հարցերի պատասխանները, ըստ վարչապետի, Հայաստանի Հանրապետության և սփյուռքի հարաբերություններում շատ բան են փոխելու:
«Նման բան կարծում ենք այն համոզմունքով, որ աշխարհասփյուռ հայությունը մեծ ներուժ է և նման աշխարհասփյուռ ռեսուրս ունեցող երկիրը, ինչպիսին է Հայաստանը, չպետք է ունենար այն խնդիրները, որն ունի: Իսկ եթե ունի, նշանակում է՝ մենք շատ բան սխալ ենք արել և անում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստան-սփյուռք հարաբերություններում»,- շեշտեց վարչապետը:
Ամենամեծ սխալը, ըստ վարչապետի, այն է, որ Հայաստան-սփյուռք խոսակցությունը սովորաբար սկսում, ընթանում և ավարտվում է բոլորին հայտնի կամ համազգային հավանության արժանացած ճշմարտություններով:
«Սա հնարավորություն չի տալիս, որ մենք բավարար արագությամբ ընկալենք և արձանագրենք աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, ասել է թե՝ օգտվենք հնարավորություններից և կառավարենք մարտահրավերները»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Երևանում հոկտեմբերի 28-ին մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որը կավարտվի հոկտեմբերի 31-ին:
Միջոցառումը շուրջ 600 մասնակիցներ ունի 50-ից ավելի երկրներից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից, որոնք կներկայացնեն 100-ից ավելի համայնքային կառույցներ և կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:
Գագաթնաժողովն աշխատանքային երեք օրերի ընթացքում կունենա 8 պանելային քննարկումներ, համաժամանակյա 17 նիստեր, ազատ ձևաչափով հանդիպումներ:
Հավելենք, որ գագաթնաժողովին չեն մասնակցում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ Չեն հրավիրվել գագաթնաժողովին սփյուռքի այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են Ռուսաստանի հայերի միությունն ու ՀՅԴ-ն։