Մոսկվան Երևանից պարզաբանում է պահանջել Զատուլինի` ՀՀ մուտք գործելն արգելելու վերաբերյալ

Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Զախարովան ասել է, որ այսօր, երբ Արևմուտքը փորձում է սեպ խրել մեր միջև, պետք չէ արհեստական առիթներ ստեղծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ-ն դիվանագիտական ուղիներով դիմել է Երևանին` Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի Հայաստան մուտք գործելու արգելքը հաստատելու և պարզաբանելու համար։
Հայտնել էինք, որ հոկտեմբերի 25-ին Կոնստանտին Զատուլինը նամակ էր ստացել ՀՀ ԱԺ–ից, որով նրան տեղեկացրել էին, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է։
Անդրադառնալով պատճառին` Զախարովան ընդգծել է` այդ հարցով պետք է դիմել համապատասխան երկրին։
«Մենք նմանատիպ հայտարարությունները կամ հաղորդագրություններն ընդունել ենք տարակուսանքով։ Դիվանագիտական ուղիներով անհապաղ դիմել ենք այդ հարցի վերաբերյալ հաստատման և պարզաբանումների համար։ Հաստատման դեպքում այդ քայլը կդիտարկենք որպես ոչ բարեկամական և դաշնակցային հարաբերություններին անհամապատասխան քայլ։ Արձագանքը կհետևի պաշտոնական հաստատումը ստանալուց հետո: Նրանք (Զատուլինը և Սիմոնյանը) մշտապես կողմ են արտահայտվում դաշնակցային կապերի ամրապնդմանը։ Նրանք հասարակական գործիչներ են։ Չէի ցանկանա, որ այսօր արհեստական առիթներ ստեղծվեն, երբ Արևմուտքը փորձում է սեպ խրել մեր և մեր դաշնակիցների միջև»,– ասել է Զախարովան։
Նշենք, որ Զատուլինը պետք է հոկտեմբերի 28-ին Հայաստան գար` մասնակցելու իր հիմնադրած «Լազարևյան ակումբի» նիստին։