ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է պայմանավորվել Ադրբեջանի հետ և նրան փոխանցել հինգ շրջան։ Ընդ որում ՝ Ղարաբաղի հետ կապի համար թողնել երկու խոշոր շրջան (Քելբաջարի և Լաչինի,– խմբ.) ։ Այս մասին այսօրր Վալդայ ակումբի լիագումար նիստում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանները։ Մենք ասում էինք՝ եկեք շարժվենք հարաբերությունների կարգավորման հետևյալ ուղղությամբ` կա երկու շրջան՝ Քելբաջարի և Հարավի (ենթադրաբար խոսքը Լաչինի մասին է, - խմբ.), ինչ- որ փուլում պայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ՝ տալ այդ հինգ շրջանները։ Անիմաստ է, նրանք դատարկ են, մարդիկ գնացել են, փաստացի դուրս են եկել այդ տարածքից։ Ինչո՞ւ պահել դրանք»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Ղարաբաղի հետ կապի համար երկու հսկայական շրջանը բավական էր։ ՌԴ նախագահի կարծիքով` դա կլիներ արդար, կվերադառնային փախստականները։ Դա կլիներ տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու լավ քայլ։
«Հայկական ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես հայտնի է` դա հանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է։ Այժմ քննարկվում է կարգավորման և խաղաղության պայմանագրի հարցը»,–ասել է Պուտինը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: