Մահացել է հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը

Գայանե Փայտյան. Արխիվային լուսանկար
Sputnik Արմենիայի խմբագրությունը կիսում է Գայանեի բոլոր հարազատների ու մեր գործընկերուհի Մարիաննա Փայտյանի ծանր վիշտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Այսօր առավոտյան Երևանում 48 տարեկան հասակում մահացել է հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան, սցենարիստ Գայանե Փայտյանը։
Sputnik Արմենիայի խմբագրությունն իր ցավակցությունն է հայտնում Գայանեի բոլոր հարազատներին, ընտանիքի անդամներին ու մեր գործընկերուհի Մարիաննա Փայտյանին` անդառնալի այդ կորստի կապակցությամբ` կիսելով նրանց վիշտը։
Գայանե Փայտյանը ծնվել է 1974 թվականի հունիսի 30-ին Երևանում։
1991 թ. ընդունվել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին, 1996-ին ավարտել է այն։
Որպես լրատվական մեկնաբան՝ 1995-99 թթ․ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում։ 1998-99 թթ․ եղել է «Նորք» հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի տնօրենը և «Արտ 13» հեռուստաընկերության խմբագիրը, հեղինակել և վարել է «Ծանոթ անծանոթ» հաղորդաշարը։
Մահացել է լրագրող Արա Մարտիրոսյանը
1999-2015 թթ․ աշխատել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։
2000-2008 թթ․ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։
2004 թ․-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ է։
2006 թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր»։ 2008 թ. հիմնադրել է և ղեկավարել հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV Իդեալ» դպրոց-ստուդիան։ 2017-ից մինչ օրս վարել է «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարը Հայկական Երկրորդ հեռուստաալիքով։
Դասախոսել է Հայաստանի Ֆրանսիական և Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում։
2009 թ.-ին Գայանեն ամուսնացել է մասնագիտությամբ ինժեներ Էդուարդ Միհրանյանի հետ։ 2017 թ.՝ երկար տարիների սպասումից հետո, նրանց ընտանիքում ծնվել են երկվորյակ աղջիկներ։