«Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով»․ Փաշինյանը ցավակցել է Ռայիսիին

Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, սպանվել է 15 մարդ, որոնց թվում 2-ը երեխա են, վիրավորվել է առնվազն 45 անձ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը
«Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին, որը դարձել է տասնյակ զոհերի և անմեղ քաղաքացիների մահվան պատճառ։ Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Ցավակցության և զորակցության անկեղծ խոսքեր եմ հղում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին»,- գրել է Փաշինյանը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն ևս հաղորդագրություն էր տարածել՝ ցավակցելով Իրանի ժողովրդին և կառավարությանը։
Հիշեցնենք, որ երեք անհայտ անձ հոկտեմբերի 26-ին կրակ էին բացել Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում, ինչի հետևանքով նախնական տվյալներով սպանվել է 15 մարդ, որոնց թվում 2-ը երեխա են, վիրավորվել է առնվազն 45 անձ։
Այնուհետև նշվեց, որ ահաբեկչությունն արվել է արմատական վահաբիական տարրերի կողմից, որոնք օգտվել են երկրում վերջերս տեղի ունեցած անկարգություններից և նման գործողություն իրականացրել։
Այդ չարիքն անպատասխան չի մնա. Իրանի նախագահը ցավակցել է զոհվածների հարազատներին