ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանյան բուհերի շենքերը, դրանց միավորման արդյունքում, չեն վաճառվելու։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը։
«Չկա վաճառքի որևիցե ծրագիր, որևիցե առևտրական ցանց, հյուրանոցային համալիր, գիշերային երևակայական մտքեր, որ առաջանում են որոշ մարդկանց գլխում։ Բացարձակապես նման հարց չի քննարկվել»,– ասաց նախարարը։
Դումանյանը վստահեցրեց, որ իր հավաստիացումները վերաբերում են ոչ միայն առաջիկա ամիսներին ու տարիներին, այլև շատ ավելի երկար ժամկետների։
«Եթե մի հարյուր տարի հետո Հայաստանը լինելու է, այդ շենքն էլ է լինելու։ Բայց թե ինչ կլինի, ես չեմ կարող ասել»,– ասաց նա։
Դումանյանը նաև շեշտեց, որ Բրյուսովի անվան համալսարանի` Մանկավարժական համալսարանի ու Ֆիզկուլտուրայի ինստիտուտի հետ միավորման որևէ որոշում դեռ չի ընդունվել։ Իսկ ակադեմիական քաղաքի կառուցման ծրագիրը, նրա խոսքով, ընթացքի մեջ է։
Հիշեցնենք՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի` Մանկավարժականի և ֆիզկուլտինստիտուտի հետ հնարավոր միավորման գործընթացի մասին մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, իսկ սեպտեմբերի 1–ին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բուհի ուսանողներն ու աշխատակազմը դեմ են միավորմանն ու բողոքի ակցիաներ են իրականացնում։
Կառավարության ներկայացրած ծրագրով Հայաստանի 16 պետական բուհերից նախատեսվում թողնել առավելագույնը 8-ը: Հանրության շրջանում տարածված լուրերի համաձայն, կառավարությունը մտադիր է ծրագրի իրականացման արդյունքում ազատված շենքերը վաճառել առևտրի ցանցերին կամ հյուրանոցներին։