Անկախ բանակցությունների ընթացքից` այն, ինչ պատկանում է ՀՀ–ին, քննարկման նյութ չէ. Քոչարյան

Անդրանիկ Քոչարյան
ՔՊ–ական պատգամավորները նշում են, որ եռակողմ հանդիպմանը քննարկվելու է նաև Ադրբեջանի զորքերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զորքերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից Հայաստանի օրակարգն է ցանկացած հարթակում, այն մեզ համար կարմիր գիծ և պահանջ է։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը` պատասխանելով հարցին, թե հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ արդյո՞ք քննարկվելու է ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու հարցը։
Հայտնել էինք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանում եռակողմ հանդիպում անցկացնել։
«Ինչ վերաբերում է հանդիպման օրակարգին, ապա ժամացույցներն ուղղելու անհրաժեշտություն կա` հայկական կողմի օրակարգն այն հարցերի պարզաբանումն է, որոն տեղի են ունեցել 1 տարվա ընթացքում։ Խոսքը նաև ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին է»,–ասաց Խանդանյանը։
Միաժամանակ, ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ տարածքից ոչ թե պահանջ է, այլ անհրաժեշտություն։
«Անկախ նրանից, թե բանակցություններն ինչ ընթացք կստանան՝ այն, ինչ պատկանում է ՀՀ–ին, քննարկման նյութ չէ։ Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևիցե չի հանդուրժվելու, և նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից»,–ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ տվել է իր համաձայնությունը հանդիպմանը մասնակցելու, սակայն տեղյակ չէ` Ադրբեջանի նախագահը հաստատե՞լ է իր ներկայությունը, թե ոչ։