ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը սլովակյան «Սլովանի» ակումբի հետ խաղում պատրաստվում է անել իր մաքսիմումը ցանկալի արդյունքի հասնելու համար։ Այս մասին նախաղաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Նրանք մրցելու են Բրատիսլավայում։
«Մենք անելու ենք մեր մաքսիմումը ու փորձելու ենք հասնել ցանկալի արդյունքի: Մեզ համար լավ շանս է դուրս գալու փլեյ օֆֆ: Սա լավ ենք հասկանում: «Փյունիկը» ուժեղ ակումբ է, վաղը սպասում ենք լուրջ խաղի ու լուրջ պայքարի։ Կարծում եմ՝ հաջողությունը կուղեկցի մեզ և մեր երկրին»,- նշել է Մելիքյանը:
«Փյունիկի» գլխավոր մարզիչը խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի վնասվածքի մասին, նա այդ պատճառով չի մասնակցի խաղին։
«Մենք նույնպես ցավում ենք Տիգրանի վնասվածքի համար, քանի որ նա կարևոր խաղացող է մեր հավաքականի համար։ Անցած խաղին հաղթել ենք նրա մասնակցությամբ, այս անգամ կարող ենք հաղթել առանց նրա: Մենք մի քանի տարբերակով պատրաստ ենք վաղվա խաղին, բայց, կարծում եմ, որ մեզ համար շատ դժվար խաղ կլինի»,– ասել է Մելիքյանը:
Նա ընդգծել է, որ «տանը» չեն խաղալու և հայ երկրպագուների աջակցությունը մարզադաշտից չի լինի, բայց գիտեն, որ ժողովուրդն իրենց հավատում է:
Վստահեցրել է` իրենց մոտիվացիան հայ ազգն է, ու վաղը դա կերևա խաղի ժամանակ:
Մելիքյանն իր խոսքի վերջում հայերենով դիմել է հայ ժողովրդին. «Ցավներդ տանեմ, վաղը իրար հետ ենք»։