Կոռուպցիայի նկատմամբ Հայաստանը անզիջում է և անհանդուրժող. Աննա Վարդապետյան

Աննա ՎԱրդապետյան. Արխիվային լուսանկար
Աննա Վարդապետյանը ներկայացրել է մի շարք ուղղություններով իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, նման հանցագործությունների բացահայտմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 7-րդ նիստի ժամանակ վստահեցրել է` Հայաստանը կոռուպցիայի նկատմամբ անզիջում է և անհանդուրժող։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
«Այս համատեքստում Աննա Վարդապետյանը ներկայացրել է մի շարք ուղղություններով իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, նման հանցագործությունների բացահայտմանը, հակակոռուպցիոն կրթությանն ու իրազեկմանը և այլն: Հաշվի առնելով կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի կարևորությունը՝ դատախազն ընդգծել է, որ անհրաժեշտ է բացահայտել կոռուպցիոն սխեմաները և մեկտեղել կոռուպցիայի դեմ ներպետական ու միջազգային հարթակներում գործող մարմինների ջանքերը»,– ասված է հաղորդագրությունում։
Տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Կուրմանկուլ Զուլուշևը, Ղազախստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ծառայության ղեկավար Դմիտրի Մալախովը և Տաջիկստանի Հանրապետության Ֆինանսական վերահսկողության ու կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն Սուլեյմոն Սուլթոնզոդան: