ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ նպատակն է օգնել երկու երկրներին՝ հասնելու համապարփակ և տևական խաղաղության։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակը ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված որոշումներ մշակելն է, այլ ինքնագովազդը։
«Այստեղ մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին աշխատել միասին՝ հասնելու համապարփակ և տևական խաղաղության, ի վերջո, կյանքեր փրկել: Ես չգիտեմ, թե դա ինչպես կարող է մեկնաբանվել որպես ինքնագովազդ: Ինչպես ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը՝ մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին»,-ասել է նա:
ԱՄՆ-ն կարծում է, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար, ու ի վերջո, Հայաստանի և Ադրբեջանի որոշելիքն է, թե ՌԴ նախագահ Պուտինի հրավերն օգտակար կլինի՞ նրանց համար՝ հասնելու այդ տևական խաղաղությանը,ասել է Փրայսը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի՝ Սոչիում հանդիպելու վերաբերյալ առաջարկին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի՝ հանդիպելու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ։