ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Երևանի բազմաբնակարան շենքերում բացի նախատեսված 426 վերելակից կփոխվի ևս 41 վերելակ։ Այդպիսով` Երևանում այս տարի 467 փոխված վերելակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում ասվում է , որ նոր վերելակները հարմարեցված են սահմանափակ կարողություններով անձանց համար։ Դռների լայնությունը հնարավորություն է տալիս վերելակ մտնել սայլակներով: Բրայլյան այբուբենով թվատախտակն ու ձայնային ազդանշանն էլ տեսողության խնդրով քաղաքացիների համար են։
«Վերելակներն ունեն նաև նոր UPS համակարգեր, որոնք հոսանքազրկման դեպքում կարող են մեկ հարկ բարձրացնել կամ իջեցնել վերելակն ու բացել դռները: Որևէ քաղաքացի խցիկում չի մնա»,- Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնի հետ զրույցում նշել է վերելակների ներկրմամբ և տեղադրմամբ զբաղվող Լևոն Ավետյանը:
Նոր վերելակները մոտ 50 տոկոսով նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսը:
Տարեկան ծրագրի իրագործումից հետո քաղաքում դեռևս փոխարինման ենթակա կլինի 3200 վերելակ: Քաղաքապետարանից հայտնում են, որ ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարի՝ ավելի մեծ ծավալներով։
«2023-ի համար արդեն իսկ հավաքվել և ամփոփվել են տվյալները, որպեսզի ևս 700 վերելակ փոխարինենք: Սա վերելակային տնտեսության մեծ թարմացման վկայությունն է»,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:
Նրա խոսքով` վերելակների փոխարինման ծրագիրը Երևանում միանգամից մի քանի խնդիր է լուծում՝ բնակիչների անվտանգություն, հարմարավետություն և սոցիալական բեռի թեթևացում: