ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի գրասենյակն այսօր` ժամը 18:00-ին,էլեկտրոնային փոստով ստացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պատասխանը «Լազարևյան ակումբի» հանդիպմանը մասնակցելու հրավերի վերաբերյալ։ Տեղեկանում ենք Զատուլինի տելեգրամյան ալիքից, որտեղ հրապարակվել է Սիմոնյանի նամակը։
Ավելի վաղ Զատուլինն իր տելեգրամյան ալիքում գրել էր` այսօր ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել, որով ծանուցել են, որ արգելվում է իր մուտքը ՀՀ։ Նշենք, որ Զատուլինը պետք է հոկտեմբերի 28-ին Հայաստան գար` մասնակցելու «Լազարևյան ակումբի» նիստին։
Նշենք, որ նամակում Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Զատուլինին ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» ակտուալ թեմայով հինգերորդ հանդիպմանը հրավիրելու համար։
«Ցավոք, չեմ կարող մասնակցել միջոցառմանը, քանի որ հոկտեմբերի 27-28-ին Սամարղանդում պետք է մասնակցեմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին»,–ասված է նամակում։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում Զատուլինը հայտնել էր, որ այսօր երեկոյան «Լազարևյան ակումբի» խորհուրդը կհավաքվի և որոշում կկայացնեն` անցկացնել նիստ, թե ոչ։