ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հռոմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Ինքնիշխան Ուխտի Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկարդո Պատեռնո Դի Մոնտեկուպոյին, հայտնում են նախարարությունից։
ԱԳ նախարարը և Մեծ կանցլերը քննարկել են Հայաստանում Ուխտի կողմից հումանիտար աջակցության և առողջապահության բնագավառներում իրականացված ծրագրերն ու այս ոլորտներում համագործակցության հետագա խորացումը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Ինքնիշխան Ուխտի Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկարդո Պատեռնո Դի Մոնտեկուպոյին
«Զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին և այս ուղղությամբ միասնական քայլեր կատարելու հնարավորություններին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ագրեսիաների հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված պատերազմական հանցագործություններին՝ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքը։
Միաժամանակ արձանագրվել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման կարևորությունը: