Հայաստանի 5 բուհերում կհիմնադրվեն գիտահետազոտական կենտրոններ

ԵՊՀ
2.6 մլն եվրոյով առաջիկա 3 տարիներին հայաստանյան բուհերում նախատեսվում է իրականացնել 5 դրամաշնորհային ծրագիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկա 3 տարիներին Հայաստանի 5 բուհերում կհիմնադրվեն գիտահետազոտական կենտրոններ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը` ներկայացնելով Համաշխարհային բանկի հերթական դրամաշնորհային ծրագիրը, որի շուրջ 10 տոկոսն ուղղվելու է հենց կրթության ոլորտի զարգացմանը։
22.6 մլն եվրոյի վարկային միջոցներից 2.6-ը, փոխնախարարի խոսքով, ուղղվելու է «Բուհական համակարգի կրթության որակի բարձրացում» վարկային ծրագրին։ Պետությունը ՀԲ-ից վարկ վերցրած միջոցները բուհերին է տրամադրվելու դրամաշնորհի տեսքով, բայց մրցակցային պայմաններով։
Բուհերի համար հայտարարվելու է դրամաշնորհային ծրագրերի մրցույթ` գիտահետազոտական կենտրոններ հիմնելու նպատակով։
«Սա հետաքրքիր միջոց է կրթության և գիտության միջև կապն ամրապնդելու և բուհերը գիտահետազոտական կառույցներ դարձնելու ճանապարհին»,– ասաց Արթուր Մարտիրոսյանը։
2.6 մլն եվրոյով առաջիկա 3 տարիներին, ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով, հայաստանյան բուհերում նախատեսվում է իրականացնել 5 դրամաշնորհային ծրագիր։