Եվրահանձնաժողովի ղեկավարը Ուկրաինային շարունակական օգնություն է խոստացել

2023 թվականին ԵՄ օգնությունն Ուկրաինային ընդհանուր առմամբ 18 միլիարդ եվրո կկազմի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը խոստացել է երկարաժամկետ հիմունքներով Ուկրաինային շարունակական օգնություն տրամադրել՝ երկրի վերականգնման ուղղությամբ հրատապ կարիքներն ու նախատեսվող ջանքերը ապահովելու համար: Նա այս մասին ասել է Գերմանիայում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովում։
«Մենք պետք է օգնենք Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը դրա կարիքն ունի», - ասել է ֆոն դեր Լյայենը:
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն աշխատում է ԵՄ անդամ պետությունների հետ, որ Ուկրաինային ամսական 1,5 միլիարդ եվրո հատկացվի, ինչը 2023 թվականին ընդհանուր առմամբ 18 միլիարդ եվրո կկազմի:
ԵՀ ղեկավարը հույս ունի, որ մնացած միջոցները կտրամադրեն Կիևի մյուս գործընկերները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, ինչպես նաև միջազգային ֆինանսական ինստիտուտները։
Եվրամիությունն Ուկրաինային 5 մլրդ եվրո կհատկացնի
Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ Եվրամիության երկրներն ընդունել են ավելի քան ութ միլիոն ուկրաինացի փախստականների, որոնցից 4 միլիոնն օգտվել են ԵՄ տարածքում ժամանակավոր ապաստան ստանալու հնարավորությունից:
Այս տարի Եվրամիության բոլոր անդամները, եվրոպական ֆինանսական ինստիտուտներն Ուկրաինային ավելի քան 19 մլրդ եվրոյի օգնություն են ցուցաբերել՝ ռազմական մատակարարումները չհաշված։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 243-րդ օրը։