Երեխայի խնամքի նպաստ կստանան նաև աշխատող ծնողներն ու քաղաքաբնակները

Գործող օրենքով երեխայի խնամքի նպաստ է տրամադրվում միայն գյուղաբնակ և գործազուրկ ծնողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Մինչև 2 տարեկան երեխա խնամող բոլոր մայրերը նպաստ կստանան` անկախ բնակության վայրից ու աշխատանք ունենալու հանգամանքից։
Ո՞ւմ և ինչքա՞ն է վճարվում մինչև 2 տարեկան երեխայի նպաստը
«Նպաստների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
«Օրենքը տարածվելու է 2023թ–ի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների վրա։ Ընդ որում`վարձու աշխատող և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023թ–ի հունվարի 1-ը, իսկ պարզապես գյուղաբնակ ծնողի դեպքում` նաև այն դեպքերում, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023թ–ի դեկտեմբերի 31-ը»,– ասաց փոխնախարարը։
Նպաստի չափը չաշխատող ծնողների համար սահմանելու է կառավարությունը, իսկ աշխատողների դեպքում այն կհաշվարկվի աշխատավարձի որոշակի տոկոսով։
Հիշեցնենք, որ գործող օրենքով երեխայի խնամքի նպաստ է տրամադրվում միայն գյուղաբնակ և գործազուրկ ծնողներին։
Չաշխատող ծնողներն էլ երեխայի խնամքի նպաստ կստանան. կառավարությունը վերանայում է օրենքը
2022թ–ին այդ նպատակով բյուջեից հատկացվել է 9 մլրդ 350 մլն դրամ։ 2023թ–ի համար, առաջարկվող փոփոխությունները հաշվի առնելով, նախատեսված է հատկացնել ավելի քան 20 մլրդ դրամ։