ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելը աչքալուսանք է Թուրքիայի ու Ադրբեջանի համար։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` մեկնաբանելով ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահի մուտքը ՀՀ արգելելու մասին տեղեկությունը։
«Հայ–ռուսական աղբյուրների մասին ընտանեկան թերթով գաղտագողի, անհեթեթ ծանուցումներ տվող, երկիրն առհասարակ թերթով ղեկավարող «հավաստի աղբյուրն» այսօր ի լուր աշխարհի հայտարարել է, որ արգելվում է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ։ Մարդու, ով մշտապես աչքի է ընկել իր հայամետ դիրքորոշումներով, մարդու, ում մուտքը դեռ տարիներ առաջ արգելվել էր Ադրբեջան` Արցախ այցելելու և ղարաբաղյան հակամարտությունում հայամետ դիրքորոշում արտահայտելու համար»,– ասաց Խամոյանը։
Ընդդիմադիր պատգմավորն արձանագրեց, որ 1995թ–ին հենց Զատուլինն է հեղինակել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որը հետագայում ընդունվել է ՌԴ Պետդումայի կողմից։
Խամոյանը շեշտեց, որ ՀՀ իշխանությունը բացառապես սեփական իշխանության շահերից է մեկնաբանում Զատուլինի խոսքերը` անտեսելով նրա հայամետ դիրքորոշումը։ «Հայաստան» խմբակցության անդամը հիշեցրեց, որ Զատուլինն արդեն ասել է, որ տեղի ունեցածը չի ազդելու իր հայամետ գործունեության վրա։
ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը այսօր պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել, որով ծանուցել են, որ արգելվում է նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է ԱԺ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Զատուլինն ավելի վաղ գրել էր, որ այդ քայլը որակում է որպես վիրավորական։
Կոստանտին Զատուլինը, որը համարվում է հայամետ գործիչ, բազմիցս քննադատել է գործող իշխանությունների վարած քաղաքականությունը։ Մոտ օրերս նա պետք է գար ՀՀ` իր հիմնադրած Լազարյան ակումբի` հոկտեմբերի 28-ին նախատեսված նիստին մասնակցելու։