ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանը պատրաստ է աջակցելու խաղաղ քաղաքականությանն ու վստահեցնում է, որ Թբիլիսիի առաջարկած հարևանության նախաձեռնությունն ուղղված չէ արդեն իսկ գոյություն ունեցող ձևաչափերի փոփոխմանը կամ խոչընդոտելուն։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Մուխրանիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք քննարկել ենք նաև իրավիճակը տարածաշրջանում, պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերեկ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Դա մեզ մեծ հույս է ներշնչում», – ասել է Ղարիբաշվիլին։
Նա կրկին նշել է, որ Թբիլիսին հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ իր քաղաքականությունը շարունակելու հարցում։
Ղարիբաշվիլին ողջունել է նաև Հարավային Կովկասում եռակողմ բանակցային հարթակ ստեղծելու Ալիևի գաղափարը։
Հիշեցնենք, որ Պրահայում հոկտեմբերին Ալիևը հայտարարեց Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար Բաքու–Թբիլիսի–Երևան հարթակի ստեղծման կարևորության մասին։ Այդ ձևաչափում երկրները կկարողանան քննարկել էներգետիկային, հաղորդակցություններին առնչվող հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։