Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Հայկական կարմիր խաչը եղել է Գեղարքունիքում․ սեպտեմբերի 13-ից որքա՞ն օգնություն է տրվել

Հայկական կարմիր խաչն այցելել է Գեղարքունիք
Մարզպետը ընկերության ներկայացուցիչներին է ներկայացրել այն խնդիրներն ու առկա կարիքները, որոնք ծառացել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հրետակոծված բնակավայերի և բնակչության առջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. 2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչ օրս Գեղարքունիքի մարզում տրամադրվել է 622 միավոր մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի, առաջին օգնության պարագաների, կենցաղային և խոհանոցային իրերի, գրենական պիտույքների, մահճակալների և անկողնային պարագաների, առաջին հոգեբանական աջակցության տեսքով։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նա շեշտել է, որ այսօր ընդունել է Հայկական Կարմիր խաչ ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին և Հայկական Կարմիր խաչ ընկերության Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին։
Հայկական կարմիր խաչն այցելել է Գեղարքունիք
«Հայկական Կարմիր խաչ ընկերության գործադիր տնօրենը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք իրականացվել են մարզում՝ միայնակ, առավել խոցելի տարեցների, հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի, տուբերկուլյոզով հիվանդների, այլ խոցելի խմբերի, Ղարաբաղյան հակամարտության սրացման և 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց և տուժած բնակավայրերի համար»,- գրել է Սարգսյանը։
Մարզպետն էլ առանձնացրել է այն խնդիրներն ու առկա կարիքները, որոնք ծառացել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հրետակոծված բնակավայերի և բնակչության առջև։
Նա շեշտել է, որ Հայկական Կարմիր խաչը սերտորեն համագործակցում է Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ գնահատումների արդյունքում ձևավորվող խիստ կարիքի վրա հիմնված աջակցություն տրամադրելու և ծրագրեր իրագործելու համար։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։