Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռ է կործանվել, 2 օդաչու զոհվել են. կադրեր դեպքի վայրից

Սու-30-ն ընկել է Իրկուտսկի մասնավոր փայտե երկհարկանի տան վրա, տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները։
Sputnik
Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռ է կործանվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ ծառայությունները։
Նշվում է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել փորձնական թռիչքի ժամանակ։
Սու-30-ը ընկել է քաղաքային հատվածում մասնավոր փայտե երկհարկանի բնակելի տան վրա, որից հետո հրդեհ է բռնկվել:
Ինքնաթիռի անկումից հետո հրդեհի մակերեսը կազմել է 200 քառակուսի մետր։
Նախնական տվյալներով` ինքնաթիռի կործանման հետևանքով երկու օդաչու է զոհվել, բնակիչների շրջանում զոհեր չկան։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները։ Ինքնաթիռի կործանումից հետո բռնկված հրդեհը մեկուսացվել է։
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին Եյսկում բնակելի շենքի բակում ընկել էր ռուսական գերձայնային Սու-34 կործանիչը, որից հետո այն այրվել էր։ Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 մարդ, տուժել՝ 26 - ը ։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ավիավթարի պատճառով։