Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարևոր ուղերձ ունի. Աբդոլլահիանը՝ Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ սպասում է նաև իր գործընկերոջը՝ Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին տեսնել Հայաստանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրա գլխավորած պատվիրակությանը, խոսել են երկու երկրի հարաբերությունների կարևորության, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության մասին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ բարեկամ Իրանի հետ հարևանական հարաբերություններն ու դրանց զարգացմանն ուղղված ջանքերը տալիս են իրենց պտուղները:
ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը ձգտելու է մոտ ապագայում հյուպատոսություն բացել Թավրիզում:
Իրանը դեմ է օտարերկյա ներկայացուցիչների ներկայությանը տարածաշրջանում. Հոսեյն Աբդոլլահիան
ԻԻՀ արտգործնախարարն էլ նշել է, որ Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարևոր ուղերձ է պարունակում, ըստ որի՝ Իրանը դեմ է բարեկամ Հայաստանի հետ սահմանի կամ տարանցիկ ուղու հանդեպ խոչընդոտներին և կողմնակից է տարածաշրջանի զարգացմանը: Նա հավելել է նաև, որ հետաքրքրված են Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացմամբ:
«Երկուստեք արձանագրվել է, որ ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունն իր գործունեությամբ կնպաստի Սյունիքի մարզում առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և մի շարք այլ բնագավառներում առկա ներուժի առավել արդյունավետ իրացմանը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային և տևական խաղաղությանն առնչվող հարցերի»,- ասված է հաղորդագրությունում:
Քննարկման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել հայ-իրանական ռազմավարական երկխոսությանը բոլոր ուղղություններով, ինչպես նաև երկրների միջև ապրանքաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելու հեռանկարին:
Աբդոլլահիանը նշել է, որ 1 մլրդ դոլարի կարելի է հասնել առաջին փուլով, իսկ երկրորդ՝ առավել հեռանկարային փուլում, իրատեսական է համարել 3 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության հասնելը:
Թեհրանը պատրաստ է խորհրդակցել Երևանի և Բաքվի հետ. Աբդոլլահիանը հանդիպել է Բայրամովին
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ սպասում է նաև իր գործընկերոջը՝ Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին տեսնել Հայաստանում:
Հիշեցնենք` Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 20–ին։
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա են եղել Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:
Իրանի և Հայաստանի սահմանը պետք է անփոփոխ մնա. Իրանի ԱԳ նախարարը` Բայրամովի հետ զրույցում