«Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել»․ Աբդոլլահիանը գրառում է արել այցի մասին

Իրանի ԱԳ նախարարը կարևորել է Փաշինյանի հետ հանդիպումը, որի ժամանակ խոսել են Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի անվտանգության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտգործնախարարին, նրա հետ քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգը։
«Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի,- խմբ․) հետ։ Խոսել ենք Հարավային Կովկասի, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի անվտանգության և օտարերկրացիների չմիջամտելու վերաբերյալ։ Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը և երկու երկրի միջև առևտրի ու զբոսաշրջության զարգացումը մեր ուշադրության կենտրոնում են։ Դրան էր ուղղված Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք` Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 20–ին։
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Աբդոլլահիանը ներկա են եղել Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։
Իրանի և Հայաստանի սահմանը պետք է անփոփոխ մնա. Իրանի ԱԳ նախարարը` Բայրամովի հետ զրույցում